Ես դրան 24 ժամ եմ տալիս, մի փաստ չներկայացրեց, մորթելու եմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։

«Երկար տարիներ իրենք այդ կեղծ լուրը տարածում են։ Եվ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու՝ հաշվի առնելով էն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր Անվտանգության ծառայություններն ինձ էին ենթարկվում և պիտի ասեին՝ էդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն, և այլն։ Ինքը ղալլաթ է անում, որ ըտենց բան է ասում, և տեսել եք դուք, թե ինքը ինչպես է ասում։ Էլի «եթե»-ով է ասում՝ եթե, եթե, եթե։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն՝ էդ ինչի՞ մասին է խոսքը։ Եվ հիմա ձեր ներկայությամբ ես ասում եմ, ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս։ Կամ պետք է փաստ ներկայացնի, մի փաստ, կամ ես էնպիսի փաստեր եմ ներկայացնելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն էդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Մի փաստ։

Էսօր ամբողջ անվտանգության ծառայությունը իր ենթակայության տակ է, արդեն 3 տարի։ Էսօր իր պապաները, ովքեր իրեն օգնել են, էսօր էլ սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած ծայրում որևէ փաստ հայտնաբերելու։ Թող հայտնաբերեն։ Այ, եթե կհայտնաբերեն, ես կլինեմ էս երկրի ամենավերջին մարդը։ Չի կարող էդպիսի բան լինել։ Հիմար-հիմար խոսում էին, մեր Բադենի մասին՝ չհասկանալով, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել։ Եվ էնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն։ Բացի իմ ընկերներից, հարյուրավոր մարդիկ են վկա, որ ես ոչ թե կազինո, այլ կազինոյի փողոցից եմ խուսափել, շրջանցել եմ միշտ հեռու։ Իսկ Բադենը առողջարանային քաղաք է, մշակութային քաղաք է, որտեղ հնարավորություն ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ, լինի դա երաժշտություն, նկարչություն։

Արվեստի բոլոր ժաներերից ամեն տարի լավագույն փառատոններն են իրականացնում։ Իրանք իրանց չափով են մտածում, իրենք չգիտեն՝ դա ինչ է, իրենց պետք չի շփվել էդպիսի մշակույթի հետ, որովհետև իրենք սրտխառնոց կզգան, իրենք իրենց տափակությունը, մակարդակի ցածրությունը կհասկանան։ Իսկ ինչ վերաբերում է Մոնակոյին, ես վերջին 15 տարին չեմ եղել Մոնակոյում ընդհանրապես։ Իսկ դա ամենահեշտն է ճշտելը։ Թող ճշտեն՝ երբ եմ եղել ես ընդեղ։ Իրենք են անբարոյականը։ Նորից եմ կրկնում, 24 ժամ։ Իրենք էդ հեքիաթները վաղուց են կրկնում՝ ինքը, իրեն քծնողները, իրենց էդ թայֆան։ Նույնիսկ եվրոպական ամբիոններից են դրա մասին հայտարարել, պատկերացնու՞մ եք, եվրախորհրդարանում դրա մասին հայտարարել են։ Ես ի՞նչ պիտի անեի, պիտի էնտե՞ղ արդարանայի կամ գայի էստե՞ղ արդարանայի։ Հիմա ես ազատ մարդ եմ և իրեն ասում եմ՝ թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց, մորթելու եմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել