Այսօր՝ հունիսի 8-ին, Սիսիան քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը ասաց.
«Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի հավանականությունը չափազանց փոքր էր։ Մենք այդ հաղթանակն ունեցանք մի քանի պատճառներով։ Առաջինը՝ կարողացել ենք կազմակերպել և բանակում ճիշտ մարդկանց վրա հենվել, ճիշտ հրամանատարական կազմ ունենալ։ Ամենակարևորը, որ այն ժամանակ մեզ հաջողվեց ունենալ մի կուռ ու միասնական բռունցք, թիկունք, բանակ, ժողովուրդ, կամավորական ջոկատներից անցանք բանակի, կարգապահություն կար։ Մենք պատերազմ կառավարելու այնպիսի մոդել կիրառեցինք, որ ամբողջ ազգը մի բռունցքի պես էր։ Այն աժամանակ մենք երբեք որևէ սուտ չենք ասել․ եթե գյուղ ենք կորցրել, ասել ենք, որ կորցրել ենք, եթե առաջ ենք գնացել, ասել ենք՝ առաջ ենք գնացել։ Այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել, որ զինվորը վստահում էր հրամանատարին, իսկ հրամանատարը չէր վախենում առաջ գնալուց։