Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ ապրիլին դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։ Այս մասին հայտարարություն է արել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Դեսպանի՝ Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։
Ինչպես ավելի վաղ մենք հայտնել էինք, դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»,-նշված է հայտարարության մեջ: