Գերիների հարցը ժամանակի խնդիր է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության անդամների հետ այսօր Արմավիրի մարզում էր: Նա նշեց, թե առաջիկայում ինչ քայլեր պետք է կատարվեն․

«Քայլ 1. Առաջին հերթին մենք պետք է հաղթահարենք ներքաղաքական ճգնաժամը՝ հունիսի 20-ին ընտրության գնալով: Մենք այս ընտրությունները նախաձեռնել ենք հենց այդ նպատակով, սակայն ոմանք կարծում են՝ ճգնաժամը խորանալու է: Մեր խնդիրն ընտրություններում ուղղակի հաղթելը չէ, այլ այնպես անելը, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հույս ունեն Հայաստանը դարձնել ներքաղաքական բախումների թատերաբեմ, բոլորն ընտրությունների արդյունքներով վեր ընկնեն տեղները:

Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ է ասում Քոչարյանասերժական քաբաբանոցին և այս ընտրություններում ՀՀ քաղաքացին այո պետք է ասի ապագային: Մեզ պետք է առնվազն 60 տոկոս քաղաքացիական կամարտահայտություն: Ես ուզում եմ հավատալ, որ ՀՀ քաղաքացին կասի իր վճռական խոսքն ու մեր թավշե մանդատը կփոխարինի երկաթե մանդատով:

Քայլ 2. Մենք ամբողջովին կլծվենք մեր սահմանների անմատչելիության գործին: հայաստանի թե՛ ներսում, թե՛ դրսում կան ուժեր, որոնք կրկին ցանկանում էին հայաստանը ներքաշել պատերազմի մեջ:

Մենք միջազգային մանդատի ներքո պետք է իրականացնենք մեր սահմանների ճշգրտում:

Մենք պատերազմը վարել ենք այնքան ժամանակ, ինչքան կարողացել ենք և կանգնեցրել ենք այն պահին, երբ հասկացել ենք, որ այն մեզ համար կարող է կործանարար լինել:

Մենք պարտվել ենք այնպես, ինչպես պարտվել ենք Ավարայրի ճակատամարտում: Մենք թույլ չենք տա մեր սրբազան պայքարը պղծել, մեր նահատակների արյունը պղծել:

Քայլ 3. Մենք պետք է լուծենք մեր գերիների վերադարձի հարցը: Ես ասել եմ, որ դա ժամանակի հարց է, որովհետև միջազգային հանրությունն աներկբա պահանջում է գերիների վերադարձը: Այս հարցն այսքան ձգձգվեց, որովհետև Հայաստանի ներսում ր դրսում ոմանք հույս ունեին ներքին բախումներ հրահրել այդ և մի քանի այլ թեմաներով, բայց դա նրանց չի հաջողվի: Մենք այդ հարցը կլուծենք, երբ ցույց տանք, որ մեզ բախումներ ու իրենց օգտին լուծումներ չեն կարող պարտադրել: Այ սրա օգտին պետք է քվեարկեք հունիսի 20-ին: Մենք պետք է նաև վերականգնենք բանակն ու ձևավորենք գրագետ բանակ:

Քայլ 4. Բայց նախ և առաջ, մենք պետք է ուղղենք մեր տնտեսական վիճակը: Տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հայ ժողովուրդը բնազդաբար կամ մտածված հասկանում է, որ ամենօրյա աշխատանքով պետք է արդյունք ստեղծենք՝ այն ծառայեցնելով մեր երկրի շահերին:

Պետք է շարունակենք դպրոցների ու մանկապարտեզների զանգվածային շինարարությունը:

Հաջորդ քայլով մենք պետք է հարստացնենք մեր ջրամբարների պաշարը: Մեր հարստություններից մեկը ջուրն է, մյուսը՝ պղինձը, որի գինն աննախադեպ աճել է: Այս ճանապարհին մենք այո, պետք է գնանք կոմունիկացիաների բացման, բայց դրանից վախենալ պետք չէ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել