«Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության. եկեք խոսենք»․ Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքնասպանության վերաբերյալ հայտարարությանը։

«Էսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքը չի ուզում գա հեռուստատեսային բանավեճի ինձ հետ, ընդ որում ասում եմ՝ այդ բանավեճը ինձ հետ չի, բանավեճը Ընտրական օրենսգրքով սահմանված վարչապետի թեկնածուների բանավեճ է։ Ես ասել եմ՝ գնալու եմ այդ բանավեճին, եկեք։ Եկեք՝ տեսնենք, թե ինչ եք խոսում։ Շատ հեշտ է այստեղ ու այնտեղ թաքնված աղջիկ լրագրողների խրոխտ հարցերին պատասխանել։

Տեր-Պետրոսյանը ասում է՝ ես մերժում եմ այդ հրավերը, քանի որ այդ երկխոսությունը կամ բանավեճը Նիկոլ Փաշինյանի համար կլինին ինքնասպանություն։

Ստեղ կոմբինացիա է առաջանում։ Սերժ Սարգսյանը ինձ խորհուրդ է տալիս ինքնասպան լինել, Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը ինձ համար կլինի ինքնասպանություն։

Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության. եկեք խոսենք, տեսնենք՝ ով ո՞վ է…ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ավ ինչի պատասխանատուն է և ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել»,-նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ մեկնաբանել է, թե ինչու ինքն ու ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Փաշինյանի բանավեճի առաջարկը:

«Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց` ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ, ցանկացած զինատեսակով: Այսինքն՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ: Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով: Խղճացի, որովհետև այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել»,- ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ դա ոչ թե իր խոսքն է, այլ Փաշինյանի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել