Կառավարությունը հունիսի 3-ի նիստին որոշում ընդունեց արգելել մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։
Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
Խոսքը վերաբերում է մասնավորապես խոշոր ու մանր եղջերավոր անասունների կաշվին ու մորթուն։
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:
Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9
տոկոսով: ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղեր:
Միաժամանակ, սույն նախագծով առաջարկվող արտահանման հավաստագրերի նախատեսումը բխում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2.1 հոդվածով սահմանված դրույթներից, համաձայն որոնց ահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու հավաստագրեր և հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 50.9 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ (4101)` մոտ 259.6 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019թ. նկատմամբ արձանագրելով 50.5 %-ի անկում: Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը:
2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 0.8 հազ. հատ ոչխարի անմշակ մորթի և գառան մորթիկ (4102)` մոտ 3.3 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով` 2019թ. նկատմամբ արձանագրելով 70.0 %-ի աճ: Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը և Իտալիան:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2020 թվականին հանրապետությունում կաշվի արտադրություն (Կաշվի դաբաղում և վերջնամշակում. բնական և բաղադրանյութային կաշվի արտադրություն) իրականացվել է 39 ընկերության կողմից: 2020 թվականին արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.7 անգամ աճ 2019թ. նկատմամբ, իրացումը կազմել է 201.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 13.8 անգամ աճ 2019թ. նկատմամբ:
Ներկայումս «Կաշի» ԲԲԸ տարածքում գործունեություն է ծավալում Ar-Leather/ARMA ընկերությունը, որի արտադրական հզորությունները կազմում են տարեկան 6000տ կովի կաշի և 500 հազ. հատ ոչխարի մորթու վերամշակում: Ընկերությունը ներկայումս սարքավորումներ է ներկել Արգենտինայից և Իտալիայից և նախատեսում է մինչև 150 աշխատատեղի ստեղծում:
Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը: