Այո, դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում․ Անահիտ Ավանեսյան

Հանրային հեռուստաընկերության եթերի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասել է․ «Այս լուսանկարները նայելուց ցավ եմ ապրել, որ զինվորների հարազատները ստիպված են եղել կրկին զգալ այդ ցավը։ Մասնավոր դեպքը, որ գրանցվել է Աբովյանի մասնաճյուղում, իր հետևանքները հստակ կերպով արդեն իսկ ունեցել է։ Մեր բոլոր դիահերձարաններում ունենք պահպանված մասունքներ, դիեր, որոնց մի մասը նույնականացված են, այսինքն հստակ գիտենք ում են պատկանում։ Ունենք դիեր, որոնց վերաբերյալ ԴՆԹ պրոֆիլները բացված են, սակայն ծնողների բազայում որևէ նույնականացում չունենք, քանի որ կան ծնողներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են անալիզ հանձնել։ Ունենք նաև 50-ի չափ խորը վնասված մասունքներ, որոնք մի քանի փորձաքննություններից հետո նույնիսկ հնարավոր չին եղել նույնականացնել»,- ասել է Ավանեսյանը և հերքել լուրերը, թե շատ մասունքներ և դիակներ գաղտնի են պահվում։

Հարցին՝ ինչո՞ւ էին դիերը գտնվում անհարգալից վիճակում և բարոյական արժեքներին հակառակ՝ լցված էին սենյակներում, Ավանեսյանը պատասխանեց․

«Այո, դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում։ Ծնողները մշտապես այցելել են դատաբժշկական մասնաճյուղեր, այդ կենտրոնների դռները մշտապես բաց են եղել ծնողների առաջ։ Այո, սա մասնավոր, շատ վատ վիճակ է եղել, որը արժանի է ամենախիստ գնահատականին, բայց ընդհանրացնել և մեկ մասնավոր սխալը տարածել ամբողջ համակարգի վրա, ճիշտ չէ։ Ըստ նրա՝ «սա չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա»:

Ավանեսյանը նշեց՝ տեղափոխման գործընթաց է եղել, որի ընթացքում այդ մասնաճյուղի անփութության արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք. «Դա իր գնահատականն արդեն ստացել է։ Մասնաճյուղի ղեկավարը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է։ Կընթանա քննություն և օրենքի շրջանակներում կիրականացվեն բոլոր քայլերը»,- ասել է Ավանեսյանը և շեշտել, որ մեկ-երկու անձի սխալը չի կարելի տարածել բոլոր դատաբժիշկների վրա և զրոյացնել մի ամբողջ կառույցի աշխատանքը։

Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծեց․ «Կա խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնք Կարմիր խաչի հետ միասին մշտապես թարմացվել են և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի մեջ պետք է պահվեն»։

Հարցին՝ ի՞նչ ջերմաստիճանում էին լուսանկարներում առկա դիերը պահվում, Ավանեսյանը նշեց, որ քննությունը դա կպարզի և կտրվի իրավական գնահատական։

Նախարարի պաշտոնակատարը չբացառեց, որ այն մասունքների մեջ, որոնցից չի հաջողվել ԴՆԹ անջատել, կարող են լինել նաև ադրբեջանցի զինվորներին պատկանող մասունքներ։

Հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ արդեն հուղարկավորված զոհված զինծառայողները գտնվել են պատշաճ ուշադրության կենտրոնում, Ավանեսյանը նշեց, որ այս ամբողջ գործընթացը արվել է ամենօրյա խիստ վերահսկողության պայմաններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել