TikTok-ը՝ թմրամիջոցների վաճառքի գործիք. հանդիպում դատախազությունում

Փաստաբան Նարեկ Ալոյանը այսօր հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում Ալոյանը գրել է․

«Հանդիպման շրջանակում քննարկեցինք Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող մի շարք հարցեր։

Առնվազն այս փուլում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում դատախազության վճռականությունը որոշակի հավատ է ներշնչում։

Նկատի ունելով թեմայի արդիականությունը, ներկայացնում եմ Հայաստանում այս պահին տարածված հանցավոր սխեմաներից մեկը և հորդորում բոլոր ծնողներին առավել ուշադիր լինել իրենց երեխաների նկատմամբ։

Այսպես.

Խումբը TikTok հավելվածում ստեղծում է ժամանցային էջ, որի թիրախային լսարանն են 14-16 տարեկան դպրոցականները։ Աստիճանաբար խմբում հայտնվում են Telegram հավելվածի ալիքի նշում (watermark) պարունակող տեսանյութեր, ինչի արդյունքում էլ տվյալ TikTok էջի որոշ հետևորդներ անցում են կատարում Telegram ալիք։ Արդեն Telegram ալիքում բազմաթիվ տեսանյութեր են, որոնցում թմրամիջոց պատվիրողները ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում թմրամիջոցների կեղծ օնլայն խանութների ներկայացուցիչների հետ։ Հետագայում հայտնվում են տեսանյութեր, որոնցում նշվում է, որ թմրամիջոցների “X” օնլայն խանութն աշխատում է ազնիվ և որակյալ թմրամիջոցներ է վաճառում։

Telegram ալիքի հետևորդը հնարավորություն է ստանում անցում կատարել տվյալ խանութի Telegram էջ, օնլայն վճարում կատարել և ստանալ լուսանկար, որում նշված է իր պատվիրած թմրամիջոցի գտնվելու վայրը։

Մեկնաբանությունների դաշտում տեղադրում եմ Telegram ալիքներից մեկից վերցված տեսանյութ (ուշադրություն՝ տեսանյութում առկա են հայհոյանքներ)։

Հ.Գ. Ես պատրաստակամ եմ անհատույց իրավաբանական աջակցություն տրամադրել թմրամիջոցների քայքայիչ ազդեցությունից տուժած անձանց և նրանց ընտանիքներին։ Միաժամանակ, պատրաստակամ եմ դիտարկել այս ոլորտում առանձին անհատների և կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել