Դատարաններում դատավորների թվակազմը կավելացվի․կառավարությունը վաղը որոշում կընդունի

Հունիսի 3-ի նիստի ընթացքում կառավարությունը կքննարկի վերաքննիչ վարչական, վերաքննիչ քաղաքացիական և  սնանկության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու մասին հարցը։

Նախատեսվում է ավելացնել 4 դատավոր ՀՀ սննանկության դատարանում և 3-ական դատավորներ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններում։

Հիմնավորման մեջ նշվում է․ «Դատական պաշտպանության իրավունքը բացահայտող ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մինչդեռ, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հիմնական խաչընդոտներից է դատարանների գերծանրաբեռնվածությունը:

Այսպես, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայումս գործում է 5 դատական կազմ (դատարանի նախագահ և 15 դատավոր), որը Դատական օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1֊ին կետով տվյալ դատարանի համար սահմանված դատավորների թվակազմի նվազագույն շեմն է: Եթե դիտարկենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերջին 2 տարիների գործունեության վիճակագրական տվյալները, ապա պատկերը հետևյալն է.

2019 թվականի ընթացքում ստացվել է 6360 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2018 թվականից փոխանցվել է 808 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 7168 գործ, որից ավարտվել է 6674 գործ, անավարտ է մնացել՝ 494 գործ:

2020 թվականի ընթացքում ստացվել է 6417 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2019 թվականից փոխանցվել է 790 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 7207 գործ, որից ավարտվել է 6651 գործ, անավարտ է մնացել՝ 556 գործ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայումս գործում է 6 դատական կազմ (դատարանի նախագահ և 17 դատավոր), որը կրկին Դատական օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով տվյալ դատարանի համար սահմանված դատավորների թվակազմի նվազագույն շեմն է: Տվյալ դատարանի դեպքում ևս՝ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա դատավորների թվակազմի ծանրաբեռնվածությունը խոչնդոտում է բողոքների քննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելուն: Մասնավորապես.

2019 թվականի ընթացքում ստացվել է 4034 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2018 թվականից փոխանցվել է 502 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 4545 գործ, որից ավարտվել է 4057 գործ, անավարտ է մնացել՝ 488 գործ:

2020 թվականի ընթացքում ստացվել է 4439 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2019 թվականից փոխանցվել է 488 անավարտ գործ, ընդհանուր աոմամբ՝ 4927 գործ, որից ավարտվել է 4308 գործ, անավարտ է մնացել՝ 619 գործ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում ներկայումս գործում է 3 դատական կազմ (դատարանի նախագահ և 9 դատավոր), որը Դատական օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի Յ֊րդ կետով տվյալ դատարանի համար սահմանված դատավորների թվակազմի նվազագույն շեմն է: Ընդ որում, դատարանի նախագահը քննում է միայն միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքներով գործեր՝ մյուս դատավորների համեմատ 25 տոկոսով պակաս:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վերջին 2 տարիների գործունեության վիճակագրական տվյալների մասով պատկերը հետևյալն է.

2019 թվականի ընթացքում ստացվել է 4005 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2018 թվականից փոխանցվել է 2780 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 6785 գործ, որից ավարտվել է 3456 գործ, անավարտ է մնացել 3329 գործ:

2020 թվականի ընթացքում ստացվել է 2988 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2019 թվականից փոխանցվել է 3329 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 6317 գործ, որից ավարտվել է 3408 գործ, անավարտ է մնացել 2909 գործ:

Վերաքննության կարգով բողոքարկվող գործերի քանակական, ինչպես նաև անավարտ գործերի տարեկան աստիճանական աճի պայմաններում շարունակում է անփոփոխ մնալ դատավորների թվաքանակը, ինչը չի կարող ողջամիտ համարվել: Գործերի քանակի ավելացմանը զուգահեռ, հարկ է նշել այն անհամաչափության մասին, որ ստորադաս՝ Վարչական դատարանում գործող 24 դատավորների կողմից կայացված վճիռների և միջանկյալ ակտերի դեմ ներկայացված բողոքները Վերաքննիչ դատարանում քննության են առնվում ընդամենը 3 դատական կազմերի կողմից, ինչն ահռելի մեծ ծանրաբեռնվածության է հանգեցնում: Պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բողոքարկման առարկա է դառնում գործն ըստ էության լուծող դատական ակտերի 40 տոկոսից ավելին:

ՀՀ սնանկության դատարանը, որպես մասնագիտացված դատարան, 2019 թվականի հունվարի 1-ից գործում է 12 դատավորի թվակազմով:

Սնանկության դատարանի տարեկան գործունեության վիճակագրական տվյալների ամփոփման արդյունքում նկատվում է գործերի քանակի զգալի աճ՝ թե’ նախորդ տարվանից փոխանցվող գործերի թվով, և թե’ ստացվող գործերի թվով պայմանավորված:

2017-2018 թվականների վիճակագրական տփալների ուսումնասիրությունը վկայում է, որ 17 դատավորների թվակազմով յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը 2017 թվականին միջինում կազմել է 544 սնանկության գործ, իսկ 2018 թվականին՝ 548 սնանկության գործ: Միաժամանակ, 2017 թվականի ընթացքում յուրաքանչյուր դատավորի հաշվարկով միջինում ավարտվել են թվով 114 սնանկության գործ, իսկ 2018 թվականին’ թվով 124 սնանկության գործ:

2019 թվականի վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ 12 դատավորների թվաքանակով ՀՀ սնանկության դատարանի յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը 2019 թվականին միջինում կազմել է 765 սնանկության գործ, որոնցից նույն ժամանակահատվածում յուրաքանչյուր դատավորի հաշվարկով միջինում ավարտվել են թվռվ 193 սնանկության գործ: Ընդ որում, առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 2019 թվականին, բացի սնանկության վերոնշյալ թվային արտահայտմամբ գործերի, ՀՀ սնանկության դատարանում ստացվել են նաև թվով 446 քաղաքացիական գործ, որոնցից նույն ժամանակահատվածում ավարտվել են թվով 259 քաղաքացիական գործ, իսկ 2020 թվականին ստացվել է 575 քաղաքացիական գործ, որոնցից նույն ժամանակահատվածում ավարտվել են թվով 337 քաղաքացիական գործ:

Վերոգրյալից բխում է, որ նման թվակազմով գործերի քննության պարագայում այս դատարաններում շարունակվելու է խաթարվել գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը:

Ընդ որում, համեմատության համար նշենք, որ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) տվյալների համաձայն՝ 2010-2018 թթ. ընթացքում յուրաքանչյուր 100.000 բնակչին Հայաստանում հասնում է միայն 8 դատավոր: Նշենք, որ միջինում այդ թիվը կազմում է 17,7 դատավոր յուրաքանչյուր 100.000 բնակչին, իսկ օրինակ, Լատվիայում այդ թիվը կազմում է 29,1, Լիտվայում՝ 27,1 իսկ Էստոնիայում՝ 17,7 :

Ավելին, հարկ է նշել նաև, որ դատավորների թվակազմի ավելացումը նախատեսված է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ:

Հատկանշական է, որ թեև նույն ռազմավարությամբ նախատեսված են նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման այլ գործիքներ ևս, ինչպես օրինակ, դատավարություններում պարզեցված և գրավոր ընթացակարգերի ներդրումը, էլեկտրոնային արդարադատության գործիքների կիրառումը, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը, այդուհանդերձ, դրանց շարունակական ներդրումը չի կարող համարվել բավարար դատարանների ծանրաբեռնվածության իսպառ թոթափման և ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի երաշխավորման համատեքստում:

Դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության թեթևացման և գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ավելացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ սննակության դատարաններում դատավորների թվաքանակը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել