Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները:
Կիսանդրու հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում (Փարիզ) և Բելգիայի Թագավորությունում (Բրյուսել) կլինի հունիսի 1-2-ը:
Օրակարգ
Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։
Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։