Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել:
Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, դրանք փոխանցվել են համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։
Այսօր՝ հունիսի 1-ին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել էր Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման հարցին․
«Հարգելի հայրենակիցներ,
երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:
Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:
Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:
Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:
Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:
«Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:
Առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը»,-նշել է նա։