ԱԳՆ փոխնախարարը ևս հրաժարական է ներկայացրել

Արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալաչյանը հրաժարական է տվել: Նա մայիսի 27-ին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին նախարարությունից:

Նշենք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նա այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ և  իր ելույթում ասել է.

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»։

Հիշեցնենք, որ Արա Այվազյանի հայտարարությանն արձագանքել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը.

«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք մեր պետական եւ ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական եւ ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել