Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված  ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:

Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել