Գորիսի փոխքաղաքապետերը՝ Սյունիքում սահմանային իրավիճակի մասին

Մամուլում շրջանառվում է, որ Սյունիքի մարզում ևս կրակոցներ են հչել: Լուրը ճշտելու համար Իրավաբան.net-ը կապ հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ:

«Մեզ մոտ նորմալ է, հանգիստ է ամեն ինչ: Մեզ մոտ վիրավորներ չկան, այս պահի դրությամբ՝ չկա»,-ասաց փոխքաղաքապետը:

Կապ հաստատեցինք նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ:

«Սև լճի տարածքում, փառք Աստծո, խաղաղ է: Լուրերը ես էլ մամուլից կարդացի՝ Սիսիանի մասով էր գրված, թե ինչ է կատարվում, ճիշտն ասած տեղյակ չեմ»,-ասաց նա:

Իրինա Յոլյանը հավելեց, որ Սև լճի տարածքում որևէ փոփոխություն չի եղել, թշնամու զինուժը մինչև հիմա իր զբաղեցրած տարածքներում է, իսկ թե քանի զինվոր կա այս պահին Սյունիքի տարածքում՝ փոխքաղաքապետը ասաց, որ չի կարող հստակեցնել:

«Հայտնի չէ, որ առաջիկայում բանակցություններ սպասվում են, որևէ պաշտոնական տեղեկություն մենք չունենք»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել