ԱԺ իր ելույթի ժամանակ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը և կառավարությանը հարց ուղղեց․ «Ինչպե՞ս եք ձեզ զգում երեկվա տեսանյութից հետո, որևէ կերպ ձեր արժանապատվությունը շարժվե՞ց, թասիբին կպա՞վ, թե չէ։ Որևէ կերպ հասկացա՞ք, թե ինչ է տեղի ունեցել: Գիտեմ ինչ եք զգում, բայց շատերիդ համար ոչ մի բան է, վստահ եմ, որ ոչ մի արժեք չունի, որ ձեր զինվորին ստորացրեցին»։
Նա հաստատեց, որ պաշտպանության նախարարը այդ մասին տեղեկացված չի եղել և քաղաքացիներից է տեղեկացել, որ իր զինվորի հանդեպ նման կերպով են վերաբերում: «Ինչու է մինչև հիմա Պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, ԱԽ քարտուղարը իրենց պաշտոնին»,-ասաց նա:
Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ այդ փաստաթուղթը հենց ներսից է տրվել, որ աղմուկ բաձրացվի: «Ես սպասում էի, որ այս խաղը պետք է խաղաք: Զինվորի հանդեպ ստորացումը ամեն մեկիս հանդեպ էր, հայ ժողովրդին հանդեպ էր, արտահայտեք ձեր վերաբերմունքը ինչպես հնարավոր է: ՀՀ քաղաքացուն կոչ եմ անում, կարմիր գիծը վաղուց է հատել, եկեք թույլ չտանք այս վտանգավոր փաստաթղթի ստորագրումը, պահանջում եմ պատշաճ կերպով զինել բանակը, տեր կանգնել զինվորին»,-ասաց նա: