Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստաթղթից տեղյակ են այն բոլոր պաշտոնյաները, ովքեր պետք է տեղյակ լինեն։ Նրա խոսքով՝ այս ամենի մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել՝ 2 օր առաջ։
«Ինչի չի ասել, որ այս փաստաթուղթն ենք քննարկում, որովհետև դա անլուրջ է։ Այդ փաստաթուղթը հնարավոր է չստորագրվի էլ, մենք հնարավոր է առաջարկներ ունենանք։ Դե որ էդպես է, 30 տարի ինչ բանակցում էին Ղարաբաղի մասին, թող ինտերնետում դներ Միշիկը, ասեր՝ հայրիկը որոշել է 7 շրջանները առանց նախապայմանի վերադարձնի»,-նշեց նա։
Փաշինյանը անդրադարձավ նաև երեկ շրջանառվող տեսանյութին։ Նրա խոսքով՝ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։
«Զանգվածային ծեծկռտուքներ են տեղի ունեցել մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Հիմա ասում են՝ ինչու ՊՆ-ն հերքեց, հետո հաստատեց։ Դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցում են՝ իրենք հարձակվեցին, մենք փախա՞նք։ Վերջնարդյունքն են զեկուցում։ Ասում են՝ դեպք եղավ, լուծեցինք։ 2 ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրումա ու տալիսա ՀՀ իր գործակալներին, դրանք էլ տարածում են»,-ասաց Փաշինյանը։
Միաժամանակ նա հաստատեց տեղեկությունը, որ Գեղարքունիքի մարզում այսօր սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։
«Իրավիճակը շատ լարված է, եկեք չթերագնահատենք։ Այսօր, այո, Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերն արձանագրել են, որ դա թյուրըմբռնման արդյունք է, եկել, քննարկել են, որ իրար վրա չի եղել կրակոցը, այլ միջադեպ է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Մանրամասները՝ տեսանյութում։