ՇՊԱԿ դիմած քաղաքացու որդին մի քանի տարի շարունակ ունեցել էր «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ և ստացել համապատասխան թոշակ` բուժումներ կազմակերպելու նպատակով: Սակայն 2009թ. համապատասխան պետական մարմինը դադարել էր երեխայի` նման կարգավիճակը ճանաչելուց և նրան զրկել էր թոշակից: Երեխային բազմաթիվ բժշկական հետազոտությունների տանելու արդյունքում` ծնողները վստահ էին, որ նա իսկապես հաշմանդամ է, և նրա առողջական վիճակը ոչ մի դրական փոփոխություն չէր ունեցել, ինչը հիմք կհանդիսանար դադարեցնելու թոշակը:
Երեխայի հայրը, նկատելով կոռուպցիոն ռիսկեր և ցանկանալով վերականգնել իր որդու խախտված իրավունքները, չէր դադարում նամակներ ուղղել տարբեր պետական պաշտոնյաների, սակայն ոչ մի փոփոխություն որոշման մեջ չէր կատարվում:
ՇՊԱԿ-ը հարցում կատարեց համապատասխան պետական կառույցին` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին, երեխայի կարգավիճակը պարզելու համար: Համաձայն ստացված պատասխանի` երեխան չուներ «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ:
ՇՊԱԿ-ը, հետամուտ լինելով գործի հաջող հանգուցալուծմանը` գործը ուղղեց դատարան: ՇՊԱԿ-ի փաստաբանը ամիսներ շարունակ իրականացրեց շահուռուի շահերի պաշտպանություն դատարանում և համապատասխան մարմիններում:
Դատարանը նշանակեց անկախ բժշկական փորձաքննություն: Վերջինիս արդյունքները հավաստեցին երեխայի` հաշմանդամ լինելու կարգավիճակը:
Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները` դատարանը չեղյալ համարեց վերոնշյալ պետական կառույցի` նախկինում կայացրած որոշումը և վճռեց վերականգնել երեխայի` «հաշմանդամ երեխա» կարգավիճակն ու համապատասխան թոշակը: Իսկ նախկին ամիսներին չվճարված թոշակը հետ վճարվեց:
Երեխան ու նրա ծնողները ոգևորված էին ՇՊԱԿ-ի աշխատանքով և ուրախ, որ վերջապես վերականգնվեց երեխայի խախտված իրավունքը:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: