ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, անպատասխանատու է համարում այդ տարածքներում զորքերի ցանկացած տեղաշարժը: Այս մասին ուրբաթ օրը կայացած հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը, փոխանցում է Reuters-ը։
«ԱՄՆ իշխանությունները սադրիչ են համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և կոչ են անում դադարեցնել դրանք:
Վաշինգտոնը ակնկալում է, որ Ադրբեջանը անհապաղ դուրս կբերի բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից և կհրաժարվի սադրանքներից»,-նշել է Փորթերը։
«Վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժն անպատասխանատու է ու նաև՝ սադրիչ», – ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան, հավելելով` դեմարկացիայի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։