Պայմանագրի ո՞ր կետով է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին

ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, «ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապաատասխանում է ՀԱՊԿ պայմանագրի հոդված 2-րդի երկրորդ պարբերությանը:

Նշենք, որ պայմանագրի նշված կետը սահմանում է․

«Հոդված 2

Մասնակից պետությունները միմյանց հետ խորհրդակցելու են բոլոր կարևոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են միջազգային անվտանգությանը, պետությունների շահերին և համաձայնեցնելու են նշված հարցերով իրենց տեսակետները։

Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգության, տարածքային ամբողջականությանը կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, մասնակից պետություններն անհապաղ կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,-նշված է տվյալ հոդվածում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում հայտարարել է․

«ՀՀ ԶՈւ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։

Հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության և փոխհրաձգության դեպքեր չունենք,

ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար, և այս միջոցները մենք ձեռնարկում ենք՝ որպես ՀԱՊԿ անդամ։ ԱԽ նիստը կշարունակվի դռնփակ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել