ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ մայիսի 10-ին, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով Ագարակի բնակիչ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Քիչ հետո Գեւորգ Խաչատրյանը կլինի ազատության մեջ։
Մնում է հարցնել Մելիքսեթյանին, թե իրեն որպես մարդ, առավել եւս դատավոր ինչպե՞ս է զգում Գեւորգ Խաչատրյանը զրկվեց ազատությունից, բայց պահեց իր պատիվը։ Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար։ Իսկ Մելիքսեթյանի համար իր տված երդումը, իր երեխաների ապագան ոչինչ է։ Մելիքսեթյաններն անցողիկ են։ Մեր երկիրը պետք է իր մեջքն ուղղի ու զարգացման ուղին բռնի»,- գրել է Սահակյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին և 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել, բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։
Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։
Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։