«Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են կազմում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները: Ռուսաստանի գլխավոր դատախազը ներգրավված է ամբողջությամբ գործի մեջ: Այս օղակն օգտագործելով՝ մեզ հնարավորություն է ընձեռնվում գերիների ցուցակը ճշգրտել, ստանալ սպանությունների, խոշտանգումների մասին տեղեկություններ: Մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ կարող ենք դնել և դրան կհետևեն իրավական գործընթացներ»,-այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ պատերազմից հետո կան բազում հետապնդումներ հրամանատարների նկատմամբ և նշեց, որ դրա մասին այս պահին հրապարակավ խոսելն արդարացված չէ:
Գլխավոր դատախազն ասաց, որ այս պահին դավաճանության և լրտեսության կասկածանքով քրեական գործով անցնում է նախկին զինծառայող:
«Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել և ուղարկվել է դատարան: Գործին վերաբերող այն մասերը, որոնք նախաքննության փուլում են, այս պահիին ճիշտ չի լինի հրապարակումներ անել»,-նշեց Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ այս պահին շուրջ 1650 քրեական գործեր են քննվում. «Երբ մենք ունենանք իրավական գնահատականներ, մենք արդեն իսկ այդ հանձնառությունը ստանձնել ենք, անդրադառնալու ենք նաև դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա»:
Դիտարկամանը, թե վարչապետի պաշտոնակատարը գոհ չէ գլխավոր դատախազի աշխատանքից, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես իրեն չեմ հարցրել, որովհետև դա էական չէ»: