Նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ․ Նարեկ Մկրտչյան

Ինչպես արդեն հայտնել էինք, Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: Վերջինս այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:

Հանձնառել եմ միանալ նախարարության աշխատանքներին՝ ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տանելու պատրաստակամությամբ։

Հետպատերազմյան շրջանը նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ է սահմանել նաև նախարարության համար․ սոցիալական պաշտպանության ոլորտն ունի բոլորիս հոգածության և նվիրական աշխատանքի կարիքը, ուստի անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերի ներդնումը՝ Հայաստանում և Արցախում սոցիալապես կայուն միջավայրի պահպանման ուղղությամբ։ Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների լիարժեք իրացումն առավել քան կարևոր են։

Պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ նախարարության ընթացիկ և նոր իրագործվող աշխատանքներում՝ գործունեությունս ծառայեցնելով ի նպաստ քաղաքացիների բարեկեցության»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Մկրտչյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Նարեկ Մկրտչյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են ապրիլի 28-ին։

Նա տեղեկացրել է, որ գործունեությունը շարունակելու է գործադիրում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզի բնակիչներին՝ ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ գործընկերներիս, Արմավիրի մարզային իշխանություններին, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարներին՝ համատեղ աշխատանքի համար։ Պատգամավորական գործունեությանս ընթացքում փորձել եմ հնարավորինս հասանելի լինել քաղաքացիներին, լսել նրանց խնդիրները և գտնել լուծումներ։ Հիմա առավել քան երբևէ մեր երկիրն ունի բոլորիս աջակցության և հոգածության կարիքը, ուստի սիրենք միմյանց, ներողամիտ լինենք և համատեղ ջանքերով գործենք ի փառս Հայաստանի Հանրապետության»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել