39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել զենք պահելու համար, քաղաքացիները ոստիկանության բաժիններ են հանձնել ապօրինի զենքերը․ ոստիկանություն

Ապրիլի լույս 30-ի գիշերը Նոր Նորքի քրեական հետախույզները տեղեկություն ստացան, որ Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

39-ամյա տղամարդը Շևչենկոյի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Նա քրեական հետախույզներին հայտնեց, որ տան խորդանոցում ինքնաձիգ է պահում։ Ժամը 2-ի սահմաններում էլ հայտնաբերվեց և առգրավվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը՝ 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով։ Ապօրինի զենք-զինամթերքը, նախնական տվյալներով, բերվել էր անցած տարի Արցախից։ Ինքնաձիգի առգրավումից ժամեր առաջ էլ՝ ապրիլի 29-ին, Նոր Նորքի բաժնում արձանագրվել էր ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝  բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 5,45 մմ տրամաչափի փամփուշտները բաժին բերած տղամարդը հայտնել էր, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, նռնակն ու փամփուշտները։ Զառիթափ համայնքի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Վայքի բաժնում է կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ շնորհիվ Վայոց ձորի մարզային վարչության ու Վայքի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Անիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Շիրակի մարզի բնակիչներից երկուսը կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։ Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մարտունիի և Գավառի բաժիններում։ Մասնավորապես, Մարտունիի բաժնում «Մոսին» հրացանի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների, Գավառում՝ ակոսափող հրազենի և փամփուշտների։ «Ֆ-1» տիպի նռնակը, պայթուցիկով պայթուցիչը, ծխագլանակն ու 200-ից ավելի փամփուշտներն էլ Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է Երևանում բնակվող մի տղամարդ՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել