Կառավարությունը ապրիլի 29-ին որոշում ընդունեց, որի համաձայն Հայաստանում ավտոմեքենաների շուկայում կներդրվի Trade-in համակարգը։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Ներկայումս Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:
«Ըստ էության, իրավական դաշտի տեսանկյունից կձևավորվի հարթակ, որը թույլ կտա մեր երկրում երկրորդային շուկայի կայացման համար ավտոմեքենաների հիմք հանդիսանալ»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորով փոխարինելու համակարգի մասին է։ «Աշխարհում լայնորեն տարածված է, որ մարդիկ իրենց մեքենաները փոխարինում են, հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենա և մենք, ուսումնասիրությունների արդյունքում, եկել ենք այն եզրակացության, որ մեր գործող հարկային համակարգն այս պրոցեսի համար նպաստավոր չէ և հարկային համակարգը չի շահագրգռում, որպեսզի այդ գործարքների շուկան զարգանա և մենք այս փոփոխություններով փոձում ենք նպաստել գործընթացին, որպեսզի մեր երկրում նաև ավտոմեքենաների պարկը թարմանա և ավելի հեշտ լինի քաղաքացիների համար հին ավտոմեքենան նոր ավտոմեքենայով փոխարինելու»,-ասաց Փաշինյանը։
Նախատեսվում է սահմանել, որ՝
- ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը,
- սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ,
- Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ որոշման ընդունման արդյունքում ԱԱՀ կվճարվի ոչ թե ամբողջ գումարից, այլ գումարի տարբերության հատվածից։