Հարկային օրենսգրքի փոփոխությանը դրական եզրակացություն տրվեց

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի և Կարեն Համբարձումյանի ներկայացրած օրենքի նախագծին:

Ըստ Գաբրիելյանի՝ նախագծով առաջարկվում է վերացնել ըստ էության մեկ տնտեսավարողի վերաբերող հարկային արտոնությունը և ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկի այս արտոնությունը չի ծառայում իր նպատակին, ավելին՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում:

«2017-ի վերջին մի համայնքապետ նամակով դիմում է այն ժամանակվա գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն:

Կառավարության կողմից հավանության է արժանանում այս գաղափարը, և 6-րդ գումարման ԱԺ-ն ընդունում է Հարկային օրենսգրքում մի փոփոխություն, որը, թվում է, թե առաջին հայացքից իսկապես լավ բան է: Խոսքը վերաբերում է հատկապես Մեղրիի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստին. այդտեղ, եթե մեքենաները Իրանից գալիս են, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից:

Փաստացի ստացվում է, որ մինչև 1 կմ հեռավորության վրա դեռևս 2004 թվականից գործում է պահեստ, որը ստանում է լիցենզիան, և երկրորդ պահեստն այնտեղ պարզապես հնարավոր չէ կառուցել: Պահեստի սեփականատերը համայնքապետի կինն է: 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը՝ դիզվառելիքի ներմուծման: 2020-ին Իրանից Հայաստան մուտք է գործել 34 հազար մեքենա, որից 2600-ն են գնացել այդ պահեստ, որից առյուծի բաժինը երեք ընկերություններին է: Տվյալ համայնքապետը վերջին 2 օրը նշում է՝ իմ բիզնեսին են կպնում»,- ասել է պատգամավորը:

ԱԺ լիագումար նիստի ընթացքում նշել է, որ մի շարք գործարարների պնդմամբ այդ տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ լրացուցիչ մեկ պահեստ կառուցել: Ըստ ՊԵԿ տվյալների՝ այդ պահեստում բեռնաթափվում է ՀՀ մուտք գործող բեռնատարների ընդամենը 10-15 տոկոսը, իսկ մնացյալ շուրջ 85 տոկոս բեռնատարները, շատ դեպքերում տեղափոխելով միևնույն ապրանքները, լրացուցիչ վճարում են 110-ից մինչև 152 հազար ՀՀ դրամ ճանապարհային հարկ, ինչն էլ բնականաբար բարձրացնում է ներկվող ապրանքների ինքնարժեքը:

Գաբրիելյանը, անդրադառնալով Մեղրիի համայնքապետի այն խոսքերին, որ փակվել է իր կնոջ «Ագարակ տերմինալ» ՍՊ ընկերությունը՝ դա կապելով Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած ակցիաների հետ, նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի 1-ին կամ 2-ին:

«Այսինքն՝ այդ միջադեպից 25 օր առաջ այդ շրջանակը կարծես թե հասկացել էր, որ այս խորհրդարանը գտել է այդ մեկ անձի համար գրված օրենքը: ՊԵԿ նախագահի տեղակալն ապրիլի 21-ին է այցելել տվյալ պահեստ և տեղում արձանագրել կոպտագույն խախտումներ, որոնք հետագայում ՊԵԿ նախագահի հրամանով համարվել են գործունեության համար անհամատեղելի, և դադարեցվել է տվյալ մաքսային պահեստի գործունեությունը, այսինքն՝ դա եղել է այդ միջադեպից 5 օր առաջ: Կարծում եմ՝ մեր քաղաքացիներին ակնհայտ է, թե հատկապես ինչու է այդ շրջանակը նման կերպ արձագանքում վարչապետի այցին»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել