«Աֆրիկյան ծագող որսորդական աստղ, «պրիվետ» բառի համատարած, համահայաստանյան տաբուի հեղինակ հանդիսացած նախկին նախագահ»․ պատգամավորի ելույթը՝ ԱԺ-ում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր՝ ապրիլի 28-ին, նիստի ժամանակ ասաց, որ ցանկանում է անդրադառնալ օրեր առաջ Սյունիքում կատարված դեպքերին:

«Կատարվածը, որքան էլ պարզ, էժան խուլիգանություն էր, այդքան էլ խորը արմատներ ու էլ ավելի խորը գնացող նպատակներ ուներ: Բանն այն է, որ աֆրիկյան ծագող որսորդական աստղ, «պրիվետ» բառի համատարած, համահայաստանյան տաբուի հեղինակ հանդիսացած նախկին նախագահի, որի վերջին հարցազրույցը ռուսական առաջին ալիքին, կարծես, գրված, մշակված լիներ ադրբեջանական լոբբիստների կողմից, այդ նախագահի աջակիցները որոշել էին Սյունիքում շեֆին նախընտրական անակնկալ մատուցել՝ նրա, ենթադրում եմ, սիրած բոլոր ատրիբուտներով՝ լկտիությամբ, հայհոյանքներով: Սրանով փորձում էին կոտրել, ոչ թե վարչապետին, ոչ թե ՔՊ-ին, այլ առաջին հերթին սյունեցուն»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ պատահական չէր, որ հայհոյանքների մեծ մասն ուղղված էր վարչապետին սատարող քաղաքացիներին. «Նրանք փորձում էին ցույց տալ իրենց համար ընդունելի սյունեցու միակ կերպարը, այն է՝ պատվերով հայհոյող, անբարեկիրթ, անքաղաքավարի, խուլիգան և հեշտ կառավարելի»:

«Սյունեցին հունիսի 20-ի ընտրություններին ցանկապատված սավանաների, բիզոնների ու առյուծների ահ ու սարսափին՝ իր տեղական աջակիցների հետ միասին ջախջախելու է իր քվեով, ջախջախելու է, որովհետև սյունեցին մերժել ու մերժելու է ձեզ: Դուք սյունեցուն չեք կարողացել կոտրել, երբ իշխանություն էիք, թեև ամեն բան անում էիք դրա համար։ Դուք այս փորձի երկրորդ հնարավորությունը չեք ստանալու, որովհետև սյունեցին իր թասիբը 5 ու 10 հազար դրամով ձեզ չի վաճառելու, համակերպվեք»,-իր խոսքը եզրափակեց Վահագն Ալեքսանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել