ԱԳ նախարար Արա Այվազյանի արձագանքը՝ Էրդողանի հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիս է ունեցել, որտեղ պատասխանել է նաև լրագրողի հետևյալ հարցին։

Հարց. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Եվ նաև խնդրում եմ անրադառնալ Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։

Արա Այվազյան. Յուրաքանչյուր ապրիլի 24-ը յուրահատուկ օր է։ Եվ այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչողություն ունեցավ։ Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ։ Ինչպես նկատել եք, Հայաստան են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ մեր միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության տեսակետից։

Դուք ծանոթ եք ԱԳՆ հայտարարությանը այդ կապակցությամբ, բայց կուզենայի ավելացնել, որ ամբողջովին կիսում եմ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում։

Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է:

Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն: Ուստի մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել