Վարչապետը, ոչ միայն կարող է, այլ անգամ պարտավոր է շարունակել կատարել վարչապետի պարտականությունները․ Վլադիմիր Վարդանյան

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ «Թեև այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցին (տեսանյութը՝ մեկնաբանություններում), այդուհանդերձ, կարևոր եմ համարում վերստին ընդգծել այն՝ նշելով հետևյալը․

Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելը համապատասխանում է Սահմանադրության տառին և ոգուն։ Այս թեմայով հայտնի շրջանակների հայտարարությունները իրականությունից հեռու են ու կրում են սադրիչ բնույթ:

Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու օրը:

Միաժամանակ, Սահմանադրության նույն հոդվածը հստակ շեշտադրում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ընդ որում, Կառավարության անդամների մասով Սահմանադրությունը որևէ տարբերակում չի նախատեսել, իսկ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության անդամ է նաև վարչապետը:

Հետևաբար վարչապետի հրաժարականի և, որպես հետևանք, Կառավարության հրաժարականի պարագայում՝ վարչապետը, որպես Կառավարության անդամ, ոչ միայն կարող է, այլ անգամ պարտավոր է շարունակել կատարել վարչապետի պարտականությունները: Հորդորում ենք «շահագրգիռ ուժերին» զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ կենտրոնանալ բովանդակային քարոզարշավ կազմակերպելու վրա»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել