Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի։
Ողջունելով Սենատի նախագահ Լարշեի ու սենատորների այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ իբրև վկայություն բերելով Հայոց ցեղասպանության տարիներին Եղեռնը վերապրած բազմաթիվ հայորդիներին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցությունը։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Սենատի նախագահին և պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրված ջանքերի համար։
Նորին Սրբությունը նաև հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց Սենատի ներկայացուցիչներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերի համար։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հակառակ այդ ամենի, Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ սանձազերծեց պատերազմ, ինչն ունեցավ աղետալի հետևանքներ։ Նորին Սրբությունը նշեց, որ Եղեռնի վիշտը հայ ժողովուրդը նորովի վերապրեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իր սրտում ունենալով զոհված հայորդիների կորստի ցավը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ հաստատեց, որ այսօր էլ՝ հետպատերազմյան շրջանում, ադրբեջանական կողմը հանդես է գալիս ագրեսիվ կեցվածքով՝ շարունակելով սպառնալիքների իր հռետորաբանությունը և վտանգելով փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման և առկա հետևանքների հաղթահարման հարցում Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը։
Զրույցի ընթացքում քննարկման առարկա դարձավ համատեղ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը Ադրբեջանի կողմից, մասնավորապես գերության մեջ հայտնված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։
Իր հերթին Սենատի նախագահ Լարշեն, անդրադառնալով այս օրերի այցելությանը, նշեց, որ իրենց նպատակը Հայաստանի հետ համերաշխության արտահայտումն է։ Խոսելով Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայերի մասին՝ պարոն Լարշեն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի համար դժվարին ժամանակաշրջանների հաղթահարման գործում նրանց մեծ ներդրում ունենալու համար։ Իր խոսքի ավարտին պրն․ Ժերար Լարշեն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իրենք հավատարիմ են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ քսան տարի առաջ ստանձնած նախաձեռնությանը։
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ, ապա Սուրբ Գայանե վանքում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը»,- ասված է հայտարարության մեջ։