Այսօր «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Քաղաքացու օրն է։
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
Նշենք, որ նման օր սահմանելու հիմնավորման մեջ նշվում էր․ «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:
Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:
Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»: