Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Հայկ Հեքիմյանի ձերբակալումը․ փաստաբան

Դատարանը՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, ոչ իրավաչափ ճանաչեց Հայկ Հեքիմյանի ձերբակալումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Հայկին ձերբակալել էին ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած հավաքի կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) կասկածանքով։

Ո՞նց էր ասում մարդամեկը, «ողջույն, ժողովուրդ ջան»…ողջույն, ողջույն…ապեր ջան»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի երեկոյան Գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա էր տեղի ունեցել՝ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների։ Ակցիայի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև ընդհարում էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկվածներ։ Հրմշտոցի ընթացքում նաև մեկ ոստիկանի ինքնազգացողություն էր վատացել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ասելով․

«ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի նախաձեռնողները և մասնակիցները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջում էին այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրեական գործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։

Թերևս ավելորդ է հիշեցնել, որ դատախազության հիմնական սահմանադրական գործառույթներից մեկը քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողության իրականացումն է՝ այդ վարույթների շրջանակներում իրականացվող գործողությունների օրինականության ստուգման և համապատասխան գնահատականներ տալու միջոցով։

Եվ որևէ այլ մոտեցում, քան իրավականն է, որը կարող է և պետք է ձևավորվի միայն ու միայն իր վերոնշյալ սահմանադրական գործառույթի իրականացման արդյունքում, դատախազությունն ունենալ չի կարող։
Կոնկրետ իրավիճակում իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ, որոնց իրավաչափությունը, օրինականությունը ևս, քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու են, և ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների, տրվելու են իրավական գնահատականներ, այդ թվում նաև ու բնականաբար, ոչ իրավաչափ ցանկացած դրսևորման՝այդպիսիք հիմնավորվելու դեպքում։

Առավելևս, որ առանձին սուբյեկտների կողմից արդեն իսկ արվել են այդ գործողությունների վերաբերյալ դատախազությանը դիմումներ կամ բողոքներ ներկայացնելու մասին հայտարարություններ և, բնականաբար, ներկայացվելու դեպքում դրանք ևս կքննարկվեն, պատշաճ կերպով կտրվեն պատասսխաններ կամ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։

Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ինքնազգացողության վատացում ունեցած և հիվանդանոց տեղափոխված ոստիկանության աշխատակցին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել