Արամ Ա-ն՝ Բայդենի հայտարարության մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծապէս ողջունելի է Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի իմաստուն ու քաջ քայլը՝ 1915-ին Օսմանեան թուրք պետութեան կողմէ հայ ժողովուրդին դէմ ծրագրուած ու գործադրուած ցեղասպանութիւնը անուանել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ»։

Նշենք, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում գործածեց ցեղասպանություն եզրույթը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Bloomberg լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել էր, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդվում էր, որ Բայդենը մտադիր է այդ կապակցությամբ հայտարարություն տարածել շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին։

Հիշեցնենք նաև, որ Սպիտակ տունը հաստատել էր, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հաստատել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է անելու Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդի կապակցությամբ, բայց չի ասել, թե կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրույթը:

«Ես չեմ կարող որևէ բան կանխատեսել: Ես ակնկալում եմ, որ նախագահը հայտարարություն կանի Զոհերի հիշատակի օրը, բայց ես չեմ կարող հաստատել ոչինչ հայտարարության բովանդակության վերաբերյալ ձեր ենթադրությունների մասին», – ասել էր խոսնակը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին։

Ավելի վաղ Wall Street Journal- ը հայտնել էր Բայդենի այս մտադրության մասին՝  հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին:

Ըստ թերթի՝ Սպիտակ տան ղեկավարը ապրիլի 24-ին կարող է պաշտոնապես հայտարարել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր որոշման մասին: Նշվում էր նաև, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ, որում չի լինի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչում:

Բայդենի նախորդը՝  հանրապետական ​​Դոնալդ Թրամփը, 1915 թվականի իրադարձությունների մասին իր հայտարարություններում խուսափեց նշել «ցեղասպանություն» բառը: Բարաք Օբաման (2009-2017), որի վարչակազմում Բայդենը ծառայում էր որպես փոխնախագահ, նույնպես խուսափեց այս սահմանումից: 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսը և Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ ընդունեցին բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ողբերգությունը որակվեց որպես Հայոց ցեղասպանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել