Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

«Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց նախարարին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Երեւանում մասնակցելու համար, ինչը եւս մեկ անգամ փաստում է երկու երկրների բարեկամության եւ եղբայրության մասին: Խորհրդարանի խոսնակը նշեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի ամուր կապերը հիմնած են դարավոր քրիստոնեական եւ մշակութային կապերի վրա:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Նա նշեց, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափում:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալելու համար՝ նշելով, որ Կիպրոսը եղբայրական զգացմունքներով է լցված Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Պետրիդեսն ընդգծեց, որ մեր երկու երկրների արտաքին սպառնալիքները բավականին նման են՝ պայմանավորված Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղում թուրքադրբեջանական ագրեսիային՝ երկուստեք կարեւորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանների միջեւ, պաշտպանական եւ այլ ոլորտներում համագործակցության հարցեր»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել