Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ ապրիլի 23-ին, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։ Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
Ըստ քննչական կոմիտեի՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:
Մասնավորապես, երբ ՀՀ Վարչապետը փորձել է հանդիպումներ, շփումներ ունենալ նշված քաղաքների բնակիչների հետ, որն ուղեկցվել է լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակմամբ, Մեղրի համայնքի ղեկավարը համակարգել է խուլիգանություն կատարող անձանց գործողությունները, որի արդյունքում նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, ինչպես նաև խոչընդոտել են ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ՝ առաջացնելով իրարանցում և քաշքշուկ: Այդ ընթացքում խուլիգանություն կատարող անձինք չեն ենթարկվել իրավապահ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, այլ դիմադրություն ցույց տալով՝ հրմշտել, քաշքշել և հարվածներ են հասցրել նրանց: