Զինվորի տանը բացվեց պրոթեզավորման կենտրոն․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պրոթեզավորման կենտրոնը հայրենիքի պաշտպաններին ընձեռում է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն

Բժշկական համալսարանի և գործընկերներ կառույցների համատեղ ուժերի, ազգանվեր աշխատանքի արդյունքում Զինվորի տանը բացվեց Պրոթեզավորման կենտրոն:

Բացօթյա միջոցառմանը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին, բարերարներին շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

«Յուրաքանչյուրի փոքր և մեծ ներդրման շնորհիվ կարողացել ենք ձևավորել ազգային արժանապատվության կենտրոնը: Այն կարող է դառնալ առանցք, որի շուրջ հասարակությունը պետք է ունենա համաձայնություն, տեսանելի արժանապատվություն՝ աշխարհին ի ցույց դնելով հայ զինվորի անկոտրում կամքն ու հասարակության միասնականությունը»,- ասաց բժշկական բուհի ղեկավարը՝ շեշտելով, որ առանձնահատուկ հպարտ է շենքի վերակառուցման և ձևավորման ընթացքում կենտրոնի ղեկավար Հայկուհի Մինասյանին աջակցելու և ամբողջ ճանապարհը համատեղ անցնելու համար:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ այսօր մեկնարկում է շենքի այն հատվածի գործունեությունը, որն ամբողջականացնում է կառույցի նպատակը: Վերականգնողական կենտրոնն ունենալով պրոթեզավորման ամբողջական հնարավորություն՝ վերաձևավորվեց որպես հայ զինվորի տուն:

Մեկդարյա պատմություն ունեցող համալսարանի վեհանշունչ շենքի առջև ռեկտորը կրկնեց. «Կեցցե՛, հայ զինվորը, հայ բժիշկը, հայոց պետականությունը»:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց՝ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, այս շենքի ճակատագիրը նույն է:

«Ամբողջ հայ ժողովուրդը միավորվեց այն կառուցելու համար: Եթե բոլոր հարցերի շուրջ համախմբվենք այնպես, ինչպես համախմբվում ենք Զինվորի տան շուրջ, մենք կունենանք աշխարհի լավագույն երկիրը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով՝ Պրոթեզավորման կենտրոնի կառուցման 6 ամիսների գիշեր-ցերեկ իրականացված աշխատանքի համար:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը ներկայացնելով ՀՀ կառավարության ապրիլի 22-ի որոշումը՝ ներկաներին տեղեկացրեց, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ»-ին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվելու է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածը ծառայելու է որպես պրոթեզավորման լաբորատորիա: Կենտրոնը հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա շահառուներին ունենալ որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ: Միաժամանակ, շենքի ձախակողմյան հատվածում գործելու է միկրովիրաբուժության բաժանմունք, որը ծառայելու է պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների վերացմանը: Շահառուները կենտրոնում ստանալու են նաև կրթություն, լուծվելու են նրանց աշխատանքի տեղավորման, սոցիալական ինտեգրման համալիր խնդիրները:

«Մեր երկրին պատուհասած վերջին իրադարձությունները բոլորիս ստիպել են առերեսվել նոր իրականության հետ, ընդունել նոր մարտահրավերներ և միասնաբար պայքարել ու հաղթահարել դրանք: Այսօրվա միջացումը ասվածի վկայությունն է: Սիրելի զինվորներ, դուք հայրենասիրության, նվիրումի, անձնազոհության փայլուն օրինակներ եք: Մենք հավերժ պարտական ենք ձեզ: Այս կենտրոնի բացումը ձեր անձնազոհության դիմաց նվազագույն երախտագիտությունն է: Դուք արժանի եք լավագույնին միշտ և ամենուր»,- շեշտեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նա անձնական և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Միասյանին, ինչպես նաև նախաձեռնողներին և աջակիցներին, որոնց հետևողական աշխատանքների, ներդրված ջանքների շնորհիվ հնարավոր է դարձել Պրոթեզավորման կենտրոնի բացումը:

Նշենք, որ 2021 թվականին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին առաջին անգամ հատկացվեց պետական ֆինանսավորում՝ առողջապահության նախարարության կողմից։

«Կենտրոնի բացումը մեզ համար կարևոր խորհուրդ ունի: Ի հեճուկս տառապանքի, կորստի և ցավի մենք ունակ ենք վեր հառնելու, ավելի ուժեղանալու, միախմբվելու և շարժվելու առաջ, վերականգնվելու՝ մարմնով, հոգով, ուժերով, արարելու՝ ի փառս մեր հայրենիքի»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը բոլորին հիշեցրեց, որ զոհողությունների արժեքով ձեռք բերված այս խաղաղ պահը վայելելու հնարավորությունը կարևոր հիշեցում է, որ պարտք ունենք մեր երկրի առջև, յուրաքանչյուրս մեր ոլորտում և պետք է անենք առավելագույնը, որպեսզի հայրենիքը զարգանա, ուժեղանա, լինի խաղաղ, սիրով ու հոգածությամբ:

Անահիտ Ավանեսյանը՝ եզրափակելով խոսքը, վստահություն հայտնեց, որ այս զինվորի տունը լինելու է տարածաշրջանում այն գերազանցության կենտրոնը, որը պետք է բոլորիս հպարտություն պատճառի:

Ցուցադրվեց տեսաֆիլմ Աբովյան 58 հասցեում տեղակայված Զինվորի տան, ստեղծման, կայացման պատմության մասին, որտեղ երեք տարում փոխվել է 3000-ից ավել զինվորի կյանք, հարյուրավորը վեր են կացել սայլակից, շատերը սովորել են կրկին քայլել, մի մասն էլ մասնագիտություն է ձեռք բերել:

Դեռ չբացված, կենտրոնում արդեն պրոթեզավորվել է հայրենիքի 25 պաշտպան: Այսպիսով, զինվորներին ընձեռվել է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն:

Նշենք, որ նորաբաց Պրոթեզարանը հիմնադրվել է Հայաստան համահայկական հիմնադրամի, Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ, Երևանի պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպության կողմից:

Միջոցառման ընթացքում զինվորները շնորհակալագրեր հանձնեցին աջակիցներին և բարերարներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել