«Եթե ոմանք Սյունիքի մարզում տեղի ունեցածը որակում են, որպես քաղաքական ակցիա, ապա ես կարծում եմ, որ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով: Իմ մեկնաբանությունը սա է»,-այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ դժգոհելու առիթ լինելու է բոլոր իշխանությունների պարագայում:
«Ես ենթադրում եմ, որ այդ ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ։ Ինձ մոտ կողքից այդպիսի տպավորություն է»,– ասաց նա։
Լիլիթ Մակունցը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ այս երեք տարիների ընթացքում հենց իշխանություններն են բաժանարար գծեր տարել հասարակության մեջ. «Մեր գործողություններով, մենք երբեք չենք փորձել տարանջատելու հասարակությանը»,-նշեց նա:
Պատագամվորը նաև նշեց, որ չի հիշում, որ պատերազմի ընթացքում վարչաապետը հայտարարել է, թե կան դավաճաններ:
Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով կարողանա մասնակցել ընտրություններին, Մակունցը նշեց, որ կուսակցության վարչությունը դեռ որոշում չի կայացրել՝ դաշինքով է մասնակցելու, թե ոչ։