Նախագահը ստորագրեց Մեսրոպ Առաքելյանին պաշտոնից ազատման հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»։

Մեսրոպ Առաքելյանն իր հրաժարականի մասին հայտնելիս նշել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։

Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։

Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։

Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել