Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է միջոցառումների շարք՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից
«Հիշատակի եռերգություն»-ը կսկսվի ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Համերգը հեռարձակվելու է ուղիղ եթերում:
Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:
Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: Համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագրով։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 10-ը:
Տեղեկացնենք, որ ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 9։00-ից մինչև 10։00-ն, մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի՝ պայմանավորված պատվիրակությունների պաշտոնական այցելություններով: