Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ ազատ արձակվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Ապօրինի ցուցումով հարուցված հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել, բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։
Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։
Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։
Մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ կան։