Դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ գիտակցությունը կորցրած ոստիկանն այս պահին հիվանդանոցում է, այլ տեղեկություններ չունենք։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նշենք, որ ոստիկանի ինքնազգացողությունը վատացել էր Գլխավոր դատախազության դիմաց ի աջակցություն սյունեցիների անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ՝ պատ կազմած ոստիկանների հետ տեղի ունեցած բախման ժամանակ։
Էդգար Ջանոյանը նաև նշեց, որ այս պահի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 14 անձ։
Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում են գնալ Գլխավոր դատախազություն և հստակ պահանջներ ունեն ներկայացնելու։ Նա նաև ասել էր, որ իրենց հավաքի նպատակն էր՝ պահանջել ազատ արձակել սյունեցի ձերբակալված անձանց։