Հայաստանի «միակ փրկիչ» հռչակվածը Ռուսաստանն է, ոչ թե «միջազգային հանրությունը». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Հայաստանում մեծ աղմուկի է արժանացել ԵԽԽՎ լիագումար նիստում հայ ռազմագերիների վերադարձի հարցի քննարկման թեմայով ՌԴ պատվիրակության քվեարկությունը: ՌԴ պատվիրակությունը քվեարկել է դեմ և ձեռնպահ: Դեմ են քվեարկել մեկ էլ թուրքերն ու ադրբեջանցիները:

Թերևս չարժե ՌԴ պատվիրակության քվեարկության հարցում ընկնել, այսպես ասած, դեսուդեն: Ի վերջո, խոշոր հաշվով, այստեղ էական չէ, թե ինչպես է քվեարկել այդ պատվիրակությունը: Այստեղ էական է այլ բան, թե ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը թե՛ արցախյան հարցի, թե՛ հետպատերազմական Կովկասի հանդեպ: Որովհետև թե ինչպես է եղել այդ քաղաքականությունն ու ինչպես է այն հանգեցրել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի՝ կարծես թե բավականաչափ պարզ է:

Չկա «նենգ» կամ «ոչ նենգ» աշխարհ, այլ կան քաղաքական պարզ շահեր, հետաքրքրություններ, ընդհանրություններ և այլն, որ այլ կերպ կոչվում է պրագմատիկ քաղաքականություն: Եթե աշխարհը պետք է օգնի Հայաստանին լուծելու կարևոր հարցեր, բայց հետո հայկական պետականությունն ու պետական քաղաքականությունը շարունակեն դրանք ծառայեցնել Ռուսաստանի համար կարևոր հարցեր լուծելուն, ապա այդ օգնությունն աշխարհի համար չունի որևէ պրակտիկ նշանակություն և իմաստ, եթե չխոսենք անգամ հակառակի մասին:

Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու «համազգային» մակարդակով «միակ փրկիչ» հռչակվածը Ռուսաստանն է, ոչ թե «միջազգային հանրությունը»: Այն Ռուսաստանը, որը ձեռնոց է նետել այդ միջազգային հանրությանը: Ընդ որում, այդ ձեռնոց նետելու գործընթացին տարբեր կերպ ներգրավվել է նաև Հայաստանը՝ սկսած 2012-13 թվականներից:

Հետևաբար մինչ միջազգային հանրությանը որևէ աջակցության համար դիմելը՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռեգիոնալ ռազմաքաղաքական նշանակության բնույթ ունեցող մարդասիրական հարցին, Հայաստանը պետք է կարողանա էական աշխատանք կատարել նույն այդ միջազգային հանրության հետ շահերի ընդհանուր միջավայր ձևավորելու ուղղությամբ, ինչպես արել և անում է Ռուսաստանի պարագայում:

Հակառակ դեպքում աշխարհը կամ միջազգային հանրությունը «նենգ» չէ, այլ պարզապես հիմար չէ և առաջնորդվում է իրողությունների պրակտիկ գնահատմամբ, ինչը, մեղմ ասած, չէր խանգարի անել Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ մեր գերիների արագ ազատագրման խնդիրը լուծելու համար:

Հայաստանի և հայկական հանրույթի համար գործնական առումով ավելի կարևոր է, թե ինչ է կատարվում Ռուսաստան-Արևմուտք հարաբերության տիրույթում, որովհետև Արևմուտքի հետ դիմակայության լայնամասշտաբ լարումը հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է գնահատելու, այսպես ասած, եվրասիական «միջնաբերդի» գաղափարը, ինչը նշանակելու է ռուսական քաղաքականության մեջ թուրք-ադրբեջանական տարրի գերակայության կամ գերազանցության բարձր հավանականություն:

Այստեղ է Հայաստանի ռազմավարական խնդիրն ու մարտահրավերը, որը չեզոքացնելու ուղղությամբ պահանջվելու է բավականին մեծ ջանք՝ նկատի առնելով և այն, որ ակնհայտ են Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը Ռուսաստանի հանդեպ հավատարմության երդման մրցավազքի վերածելու տրենդը և գործադրվող տեխնոլոգիաները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել