ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․
«Այսօր Ստեփանակերտում Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի աշխատակազմի հետ համատեղ սկսել ենք Արցախի բնակարանաշինության ծրագրի շուրջ աշխատանքները:
Քննարկել ենք ծրագրի փուլերը, կառուցվող բնակարանների և բնակելի տների մոդելները, շահագրգիռ գերատեսչությունների դերը, պատասխանատվությունը, շահառուների շրջանակը:
Ծրագիրը ենթադրում է Արցախի մի քանի տասնյակ բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում շուրջ 10,000 բնակարանի (բնակելի տների) և ենթակառուցվածքի կառուցում: Նպատակը պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների բնակեցումն է նոր, կահավորված և հարմարեցված բնակարաններում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 110 մլրդ դրամ, որից 58 մլրդ և 52 մլրդ դրամը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ կառավարության կողմից` համապատասխանաբար:
Ծրագիրն առանցքային կարևորություն ունի Արցախի հումանիտար խնդիրների լուծման և հետագա զարգացման համար»: