Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա․ Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ապրիլի 16-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 20-րդ համաժողովին: Այս մասին հյատնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով: Նա շնորհակալություն հայտնեց այն անհատներին և կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում Միության ծրագրերի իրագործմանը, և հենց այդ համախմբան շնորհիվ են հաջողություններ գրանցվում:

«Ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», – նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը:

«2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել։ Իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք։ Բայց, այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։ Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքը իրականցնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարևոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որն այսօր կներկայացվի», – նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։

Համաժողովի կազմակերպիչներին և հյուրերին ողջունեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վահան Հունանյանը, ով կարևորեց ԱՏՁՄ-ի գործունեությունը ոլորտի զարգացման գործում:

Հաջորդիվ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ներկայացրեց Միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքները և 2021-2025 թթ․ ռազմավարությունը:

ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն և էլեկտրոնային կառավարում։

Ամփոփելով խոսքը՝ Րաֆֆի Քասարջյանը նշեց. «Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային և տարածքային կորուստների ազդեցությունը, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա՝ գալիք սերունդների համար»:

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկության արդյունքում ընտրվեցին Միության վարչության նոր կազմը և նախագահը:

Համաժողովին մասնակցեցին ինչպես ԱՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Նշենք, որ Միությունը 2019-2020 թթ. ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը»,- ասված է հյատարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել