Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում արցախցի դիմորդների համար, ընդհանուր առմամբ, 60 տեղ է նախատեսվել՝ տարբեր մասնագիտություններով:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը՝ հավելելով, որ, բացի այդ, արցախցի դիմորդները երևանյան բուհերում ևս 30 տեղ կունենան այդ ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի):
Պետության կողմից ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ, տարբեր մասնագիտությունների գծով ամենամեծ թվով՝ 13 տեղերը արցախցի դիմորդներին հատկացվել են Երևանի պետական համալսարանում, իսկ մասնագիտություններից ամենամեծաթիվը բուժական գործն է, որի համար 8 անվճար տեղեր են հատկացվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
«Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի և մասնագիտությունների ցանկը կազմվել է ըստ Արցախի Հանրապետության պետական գերատեսչությունների ներկայացրած պահանջարկի և դիմորդների հայտերի»,- նշել է ԱՀ ԿԳՄՍ փոխնախարարը: