Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են. Անդրանիկ Քոչարյանը՝ օդանավի դատարկ վերադարձի մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գերիների` Հայաստան վերադարձի վերաբերյալ եղել են պայմանավորվածություններ, սակայն դրանք խախտվել են. չգիտի, թե ինչ պատճառով․ «Իհարկե, ոչինչ չգիտեին: Օդանավի մեջ, ենթադրում եմ, Մուրադովը պետք է լիներ և կար: Եվ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են: Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պետք է գնար»։

Քոչարյանը ենթադրում է, որ հակառակորդը հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել․ «Ադրբեջանը գերիներին պահում է` առաջին հերթին Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, այդ հարցը տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ: Շարունակելու ենք գերիներին վերդարձնելու գործընթացը՝ տարբեր ձևերով»։

Նա նշեց, որ գերիների վերադարձի հարցը բարձրացվեց ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը․ «Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց` ՌԴ-ն իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը: Դրանով է պայմանավորված, որ գեներալ-լեյտենանտ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու Հայաստան»։ Անդրադառնալով հարցին՝ ի վերջո կհաջողվի՞ լուծել գերիների հարցը՝ Քոչարյանը պատասխնեց, որ դա չի կարող չլուծվել՝ վստահեցնելով, որ դա պետության առաջնահերթ պարտավորություններից մեկն է լինելու և կա:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանից օդանավով Հայաստան է վերադառնում գերիների խումբ, ավելի ուշ համացանցում լուրեր տարածվեցին, թե ինքնաթիռը դատարկ է եկել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն «Արմենպրես»-ին պարզաբանեց` գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել