«Արարատ Մանյանը ծառայել է 27 օր, Խոջալուի զորամասում և այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել հրամանատարական կազմի, զինակից ընկերների կողմից, իր խիզախության, մարդկային հատկանիշների շնորհիվ: Այդ խիզախությունն ու արիությունը նա ցուցաբերեց պատերազմի ողջ ընթացքում արժանի հակահարված տալով թշնամուն։»,-Իրավաբան.net-ին պատմեց Արարատի մորաքույրը՝ Ամալյա Հովհաննիսյան:
Նա ծնվել է փետրվարի 1-ին Երևանում։ Եղել է թրթուռավոր քարշիչի մեխանիկ-վարորդ: «Իր ամենագնաց տեխնիկայով բլուր է գրավել և հայկական դրոշը կանգնեցրել: Թեժ մարտերի ժամանակ թշնամու հազարավոր զորքերի են ոչնչացրել»,-նշում է մորաքույրը:
Նար խոսքով՝ Արարատը չի թաքնվել, չի նահանջել, խիզախաբար առաջ է գնացել կամավորական խմբի հետ։
Մորաքույրն ասում է. «Հումորով, կենսուրախ էր միևնույն ժամանակ լրջախոհ և ուշիմ էր Արարատը»:
Մայրիկի հետ վերջին զրույցի ժամանակ Արարատն ասել է, որ չանհանգստանան, իրենք առաջ են գնացել:
Արարատ Մանյանը 24 օր թեժ մարտեր է մղել Մարտունու շրջանում: Արժանացել է Արիության մեդալի։
Ըստ ականատես ծառայակիցների՝ պատերազմի օրերին իր չենթարկվող ու ինքնուրույն բնավորությունը, ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը փրկել է ընկերներից ու ծառայակիցներից շատերին։
«Հիմնականում շփվում էր իրենից ավագների հետ, որոնցից սովորելու բան կունենար, փորձ ձեռք կբերեր»,-նշում է մորաքույրը:
Արարատ Արմենի Մանյանը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին: