Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Նախագահի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների շրջանակում առավելագույնը կանի Արցախում բնականոն կենսագործունեությունը վերականգնելու համար։
Հատուկ ուշադրության են արժանացել հետպատերազմյան շրջանում Արցախի մեր հայրենակիցների կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։
Նախարարի Արցախի Հանրապետություն այցի օրակարգի կարևորագույն կետերից էր Սարսանգի ջրամբար Սևանի Ծիածանափայլ Իշխանի բացթողումը։
Նախարար Պետրոսյանը և Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ջրամբար են բաց թողել ձկան առաջին խմբաքանակը։
Ծիածանափայլ Իշխանը բավականին բարձր դիմադրողականություն ունեցող ձկնատեսակ է, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սարսանգի ջրամբարում և՛ միկրոպլանկտոնի առկայության և՛ ջրի ջերմաստիճանի տեսանկյունից այս պահին լավագույն շրջափուլն է մանրաձուկը բաց թողնելու։
Այս ամենն արվում է երկրում կենսագործունեության լիարժեք վերականգնման նպատակով և ի բարօրություն Արցախի ժողովրդի։ 1-2 տարի անց արդեն կունենանք ձկնատեսակի բավականին ներկայանալի պոպուլյացիա, որը կարող է կերակրել Արցախի մեր հայրենակիցներին։
Անտառային ռեսուրսի վերականգնման խնդրի շրջանակում առաջիկա շաբաթներին Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Արցախում կմեկնարկեն 1 հա մակերեսով անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսության հիմնման աշխատանքները։ Նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։
«Արցախանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագիտական կարողությունների և տեխնիկական հզորությունների շրջանակներում վերապատրաստման հնարավորություն կընձեռվի։
Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան շրջանում ջրի մոնիթորինգի խնդրին։ Այս ուղղությամբ ևս անելիքը շատ է․ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հզորությունները կօգտագործվեն մոնիթորինգի աշխատանքներում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահին և Արցախի գործընկերներին` հագեցած օրակարգով այցի և բովանդակային քննարկումների համար:
Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ առկա է բավարար կամք և քաղաքական վճռականություն Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված նախանշած ծրագրերն ամբողջ ծավալով իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։