«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը

Երևանի պետական բժշկական համալսարանի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։  75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, որովայնի և ձախ գոտկային հատվածում առկա ճառագայթող բնույթի ցավերից, ոտքերի այտուցվածությունից, հևոցից և մարսողական խանգարումներից։

Խնդիրն ախտորոշելու նպատակով կատարվել է գործիքային հետազոտություններ՝ մասնավորապես Համակարգչային շերտագրում (KT)՝ կոնտրաստավորմամբ: Հիվանդի մոտ ախտորոշվել է 35.0-33.0 սմ տրամագծով, սոլիդ բնույթի գոյացություն՝ դեպի արգանդի ձախ հավելումներ ներաճով, որն ուներ հետորովայնամզային տեղակայում և սերտ հպման մեջ էր գտնվում հարակից օրգանների հետ՝ առաջացնելով հարերիկամային և հարենթաստամոքսային գեղձի ճարպաբջջանքի այտուց։ 

Պայմանավորված ուռուցքային կոմպրեսիայով՝  պացիենտն ուներ նաև ձախակողմյան հիդրոուրեթերոնեֆրոզ (երիկամի ավազանի և միզածորանի լայնացում)։ 

Նախքան վիրահատությունը կատարվել է ձախ միզածորանի ստենտավորում։ Առանց կապսուլայի ամբողջականության վնասման՝ լապարատոմիկ եղանակով իրականացվել է ուռուցքի բարեհաջող հեռացում։ Վիրահատությունն արվել է օնկոգինեկոլոգիական թիմի՝ ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի օնկոգինեկոլոգ, բ.գ.թ. Արսեն Ափոյանի, վիրաբույժ-օնկոգինեկոլոգ Վազգեն Մնացականյանի և կլինիկական օրդինատոր Անժելա Բոյաջյանի կողմից։

Հյուսվածքաբանական հետազոտությամբ ախտորոշվել է միկսոիդ լիպոսարկոմա։

Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել