2021թ. ապրիլի 5-ին՝ ժամը 03:05-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Աջ ծնկահոդի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Օձուն գյուղի՝ 1982թ. ծնված բնակիչը, որը, նույն օրը տեղափոխվել է Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
2021թ. ապրիլի 7-ին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ստացված տեղեկանքի համաձայն՝ 38-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի շրջանում հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի կոճերի, ծնկոսկրի և աջ ոլոքի դրսային կոճի բազմաբեկոր կոտրվածքներ՝ ոսկրաբեկորների տեղաշարժով, փափուկ հյուսվածքների տարածուն ջնջխումով, խառը տիպի արյունահոսություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Քրեական գործով 38-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, նրա վիրահատության ժամանակ ոտքից հանված փամփուշտի կոտորակները, հարցաքննվել են վկաներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: