«Մարտի 1-ի գործով մենք ունենք նոր հանգամանքներ, կոնկրետ գործով դատարանի որոշում: Դատաիրավական ոլորտի բարեփոխումներով հիմնական պատասխանատուն ես եմ, և քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել, ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն ցանկացած որոշման պարագայում, եթե որոշվի, որ ես եմ պատասխանատուն դատաիրավական բարեփոխումներիր և վեթինգ չիրականացնելու: Մեր պայքարը Հայաստանում անկախ դատական իշխանություն ստեղծելու, բարեվարք դատավորներ ստեղծելու, պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու գործընթացը չի ավարտվել և անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ, որ դա կլինի»,-այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությանը և վարչապետի այն հայտարարությանը, թե ՍԴ-ում այլևս ճգնաժամ չկա, նախարարն ասաց. «Ճգնաժամը նրանում էր, որ ՍԴ-ում կային դատավորներ, որոնք փաստացի ունեին տարբեր կարգավիճակներ և ՍԴ-ի ճգնաժամը, որի լուծման կապակցությամբ մենք դիմեցինք Վենետիկի հանձնաժողովին` ստացանք իրավական կարծիք, վերաբերում էր այդ ճգնաժամի հաղթահարմանը»,-նշեց նա:
Ռուստամ Բադասյանն ասաց, որ մարտի 1-ի գործով բացահայտված են այն դերակատարները, ովքեր որոշումներ են կայացրել և բացահայտվել են հանգամանքներ, որոնք ի հայտ են եկել գործի քննության ընթացքում: «Էլի եմ ասում՝ կոնկրետ գործով մենք հիմա աբսուրդի ենք հասել, ամեն գործից հետո անդրադառնում են Արդարադատության նախարարությանը, արդարություն իրականացնելու ֆունկցիայի հետ նախարարությունը կապ չունի, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ցանակացած վեճի համար պատասխանատու մարմին կա և այդ մարմինը չգիտես ինչու Արդարադատության նախարարությունն է»,-ասաց նախարարը: